Բողոքի ցույցեր Հայաստանում. ԵՄ–ն կոչ է անում բոլոր կողմերին խուսափել առճակատումից

Եվրոպական միությունը քաջալերում է բոլոր կողմերին, այդ թվում` քաղաքացիական հասարակությանը, բոլոր հայերի շահից բխող նոր կառավարության ժողովրդավարական ձևավորմանն ուղղված համապարփակ երկխոսություն սկսելու հարցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Եվրամիությունը հորդորել է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներում ներգրավված բոլոր կողմերին՝ այդ թվում իրավապահ մարմիններին ու բողոքի ցույցերի մասնակիցներին, խուսափել առճակատումից: Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության տարածած հայտարարությունում:

Երկրում բարդ իրավիճակ է. օմբուդսմենը հորդորում է հանդուրժող ու համերաշխ լինել

«Եվրոպական միությունը վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի՝ բարգավաճող ու ժողովրդավար հասարակության կառուցմանն ուղղված ջանքերին: Նախկինի պես կարևոր է, որ ներգրավված բոլոր կողմերը՝ այդ թվում նաև օրենքի պահպաններն ու հավաքների և խոսքի ազատության իրենց իրավունքն օգտագործողները, խուսափեն առճակատումից, ցուցաբերեն զսպվածություն ու պատասխանատվություն, ինչպես եղել է վերջին օրերի ընթացքում»:

ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչի հայտարարության մեջ նշվում է, որ Եվրոպական միությունը շարունակում է քաջալերել բոլոր կողմերին, այդ թվում` քաղաքացիական հասարակությանը, Սահմանադրությանը համապատասխան ու բոլոր հայերի շահից բխող նոր կառավարության ժողովրդավարական ձևավորմանն ուղղված համապարփակ երկխոսություն սկսելու հարցում: