Ոստիկանությունը հորդորում է երեխաներին իջեցնել թափքերից. տեսանյութ

Անչափահասները հաճախ չեն գիտակցում, թե ինչպիսի ողբերգությամբ կարող են ավարտվել նման իրավիճակները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Հանրահավաքի որոշ վայրերում, մասնավորապես` Հանրապետության հրապարակում, երթեւեկում են բեռնատար մեքենաներ, որոնց թափքերում քաղաքացիների խմբեր կան, որոնց մեջ զգալի թիվ են կազմում անչափահասները:

Փաշինյանը հորդորում է բացել ճանապարհները. նա կարևոր հայտարարություն ունի

Ցուցարարների այդպիսի գործողություններն ուղևորափոխադրման կանոնների կոպիտ խախտում լինելուց զատ, ուղղակիորեն վտանգում են մարդկանց կյանքն ու առողջությունը: Այս մասին նշված է ոստիկանության տարածած հայտարարության մեջ։

«Բեռնատար մեքենաներով գործողության կազմակերպիչներին կոչ ենք անում մարդկանց և առաջին հերթին անչափահասներին իջեցնել թափքերից, մարդաշատ տարածքներից անհապաղ հեռացնել բեռնատար մեքենաները և այսուհետ ձեռնպահ մնալ այդ կարգի վտանգավոր և անկանխատեսելի գործողություններից»,- հայտնում է ոստիկանությունը:

Մարդաշատ վայրում ծանրաքաշ ու մեծ ծավալով բեռնատարների երթևեկն ինքնին վտանգավոր է, իսկ երբ թափքում մարդկանց մեծ խմբեր կան, վտանգը բազմապատկվում է, հատկապես անչափահասների համար, որոնք հաճախ չեն գիտակցում, թե ինչպիսի ողբերգությամբ կարող են ավարտվել նման իրավիճակները: