ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Զանգվածային բողոքի ակցիաների ընթացքում տեսախցիկներով ֆիքսված իրավախախտումները կկարճվեն։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը։
«Երթերի օրերին տեսախցիկներով ֆիքսված իրավախախտումների մասին գործերը ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ուսումնասիրվել են, և այն խախտումները, որոնք կատարվել են երթի պատճառով, այսինքն` վարորդները ստիպված են խախտումներ թույլ տվել, որպեսզի կարողանան շրջանցել երթը, կարճվել են», — ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով` իրավախախտումների թվի վիճակագրություն չկա, բայց դրանք շատ են` 1000-ից ավելի։
Նշենք, որ ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` անցած 2 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 30-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: