ՊՆ-ն հորդորում է ապահովել զինվորական շարասյունների անխափան տեղաշարժը. հայտարարություն

Անհրաժեշտ է ապահովել զինվորական պետհամարանիշներով մեքենաների և զինվորական շարասյունների անխափան տեղաշարժերը հանրապետության ողջ տարածքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ապահովել զինվորական պետհամարանիշներով մեքենաների և զինվորական շարասյունների անխափան տեղաշարժերը հանրապետության ողջ տարածքում:

«Ելնելով երկրի անվտանգության ապահովման անհրաժեշտությունից ՀՀ ՊՆ-ը և ԶՈւ-երը շարունակում են 24 ժամյա ռեժիմում լիարժեք իրականացնել իրենց առջև դրված խնդիրները և ապահովել մեր հայրենիքի պաշտպանությունը: Անհրաժեշտ է ապահովել զինվորական պետհամարանիշներով մեքենաների և զինվորական շարասյունների անխափան տեղաշարժերը հանրապետության ողջ տարածքում: Այդ տեղաշարժերը պետք է լինեն առանց որևէ խոչընդոտի, անարգել և ճիշտ ժամանակին»,-նշված է ՊՆ-ի հայտարարության մեջ:

Նշենք, որ Երևանում և մարզերում ցուցարարները վաղ առավոտից փակում են ճանապարհները։ Մայիսի 1-ի երեկոյան «Ելք» խորհրդարանական խմբակցության ղեկավար, բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց փակել օդանավակայանը, փողոցները և տոտալ դասադուլ ու գործադուլ հայտարարել։