Երկրում բարդ իրավիճակ է. օմբուդսմենը հորդորում է հանդուրժող ու համերաշխ լինել

Մարդու իրավունքների պաշտպանը հորդորում է հանդուրժողականություն և համերաշխություն դրսևորել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Երկրում ստեղծված է բարդ իրավիճակ: Այդ իրավիճակը բոլորիցս պահանջում է բացառիկ ջանքեր՝ ապահովելու հանդուրժողականությունը և համերաշխությունը: Լարվածության ցանկացած աճ կարող է հանգեցնել մարդու իրավունքների տեսանկյունից վտանգավոր զարգացումների: Այս մասին նշված է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության մեջ։

Ինչպես մարդիկ արձագանքեցին լուրին, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չի ընտրվել. տեսանյութ

«Ստեղծված պայմաններում հանրային բոլոր մարմինները պարտավոր են ապահովել քաղաքացիների կողմից խաղաղ հավաքների ազատության իրենց իրավունքի իրացումն ու ցուցաբերել զսպվածություն: Հանրային յուրաքանչուր մարմնի ներկայացուցիչ պարտավոր է իր պարտականությունները կատարել լիարժեք ու գիտակցել, որ իր կարևոր աշխատանքով կոչված է երաշխավորելու բոլոր քաղաքացիների իրավունքները»,- նշված է հայտարարության մեջ:

Օմբուդսմենը նշում է, որ շարունակում է բարձր մնալ անհանդուրժողականությունը: Խոսքը հատկապես վերաբերում է սոցիալական ցանցերին, որտեղ նկատվում է նաև ակնհայտ ատելություն և նույնիսկ թշնամանք կոնկրետ անձանց նկատմամբ:

Մարդու իրավունքների պաշտպանը Լրատվամիջոցներին ու լրագրողներին հորդորում է հեռացնել իրենց հրապարկումների ներքո ծավալվող՝ անհանդուրժողականություն ու ատելություն պարունակող մեկնաբանությունները: Ցանկացած հրապարակում անելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել տեղեկությունների ստուգվածությանը և գործել պատասխանատու լրագրության սկզբունքների պահպանմամբ:

Մարդու իրավունքների պաշտպանի ու աշխատակազմի կողմից ձեռնարկվում են առավելագույն ջանքեր՝ օրենքով նախատեսված իրավասության սահմաններում երաշխավորելու ինչպես ցուցարարների, այնպես էլ մյուս քաղաքացիների իրավունքները: