Ցուցարարները մեքենաներով փակել են մի շարք նախարարությունների մուտքերը

Ոստիկանները փորձում են բացել նախարարությունների մուտքերը, որոնք փակել են ցուցարարները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Հայաստանի ոստիկանապետի տեղակալ Վալերի Օսիպյանը համոզում է ցուցարարներին բացել մի շարք նախարարությունների մուտքերը։ Այս մասին հաղորդում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Ցուցարարները փակել էին կրթության և գիտության, սփյուռքի նախարարությունների մուտքերը։ Ոստիկանությունն Օսիպյանի գլխավորությամբ նրանց համոզեց հետ տանել ավտոմեքենաները։

«Սա արդեն ավելորդ է, նրանք մեքենաներով փակում են նախարարությունների շենքերի մուտքերը, իսկ այստեղ ճանապարհներ չկան մեքենաների համար։ Մենք արդեն բողոքներ ենք ստացել նախարարություններից», — ասաց Օսիպյանը։

Տվյալ պահին ցուցարարները նստացույց են կազմակերպել նախարարությունների շենքերի մոտ, նրանց է միացել փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։

1 / 3
Արդարադատության նախարարության մուտքի մոտ
2 / 3
ԿԳՆ–ի մուտքի մոտ
3 / 3
Արդարադատության նախարարության մուտքի մոտ

Հայաստանում բողոքի շարժման առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն առավոտից փակում են փողոցները։ Նրանք փակում են թե՛ գլխավոր, թե՛ երկրորդական ճանապարհները։ Փակ է նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայան տանող ճանապարհը։

Մայիսի 1-ին «Ելք» խմբակցության ղեկավար, բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց փակել օդանավակայանը, բոլոր փողոցներն ու հայտարարել տոտալ դասադուլ և գործադուլ։

Փաշինյանը նման կոչ արեց այն բանից հետո, երբ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը «դեմ» քվեարկեց վարչապետի պաշտոնում նրա ընտրության ժամանակ։