ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Ցուցարարները կանգնեցնում են շտապօգնության ավտոմեքենաները, ստուգում ու դրանից հետո նոր միայն, սեփական հայեցողությամբ, թույլատրում տեղաշարժվել:
Այս մասին տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից` նշելով, որ այսօր վաղ առավոտից քաղաքացիներից ահազանգեր են ստացել, որ ճանապարհների ու կամուրջների փակ լինելու պատճառով քաղաքացիները չեն կարողանում իրացնել առողջության պահպանման ու կենսական կարևորության այլ իրավունքներ:
Պաշտպանի աշխատակազմը տեղեկություններ է ստացել նաև այն մասին, որ ճանապարհների փակ լինելու պատճառով բժիշկները չեն կարողանում հասնել կանչի վայրեր:
ՄԻՊ-ը մտահոգիչ է որակում նաև այն, որ քաղաքային ճանապարհներ ու մայրուղիներ փակելու նպատակով մեքենաների դիմաց կանգնեցնում են դպրոցահասակ, այդ թվում՝ առերևույթ տարրական դասարանների երեխաներին: