ՌԱԴԻՈ

Բաբայան. «Որևէ մեկը չպետք է թույլ տա, որ իրավիճակն ապակայունանա` անկախ որ ճամբարում է»

Արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակը վերահսկելի է։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։
Sputnik
Դավիթ Բաբայան

Նրա խոսքով` կուտակումներ և զինտեխնիկայի տեղաշարժերը նկատելի են։ Բայց սահմանում նման տեղաշարժերը պայմանավորված են բազմաթիվ գործոններով։

«Կան ավանդական քաղաքական գործոններ։ Տվյալ դեպքում մայիս ամիսն է, եռատոնին ժամանակահատվածը շատ յուրահատուկ է ոչ միայն մեր, այլ նաև հակառակորդի համար։

Այս տարի լրանում է իրենց ամենամեծ տարածքային կորուստների 25-ամյակը, երբ նրանք կորցրեցին 6 տարածք։ Այս ամենը պարարտ հող է ստեղծում նրանց ակտիվանալու և իրենց հասարակության ուշադրությունը շեղելու»,-ասում է Բաբայանը։

Նա նաև հիշեցնում է, որ չպետք է մոռանալ, որ Ադրբեջանի իշխանություններն ուշի-ուշով հետևում են, թե ինչ է կատարվում Հայաստանում և Արցախում։ Նրանց համար ցանկալի է, որ մեզ մոտ իրավիճակը վատթարանա։ Հետևաբար, բոլոր քաղաքական գործընթացները պետք է ընթանան քաղաքակիրթ, խաղաղ ճանապարհով։ Որևէ մեկը չպետք է թույլ տա, որ իրավիճակն անկայունանա` անկախ որ ճամբարում է գտնվում։