Տոտալ անհնազանդություն Հայաստանում. փակ են Վրաստան և Իրան տանող ճանապարհները

Իրան և Վրաստան տանող ճանապարհները մայիսի 2–ից փակ են։ Հայ–վրացական սահմանին խցանումներ են առաջացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. «Իմ քայլը» բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հայտարարած քաղաքացիական անհնազանդության ակցիայի հետևանքով փակվել են միջպետական և միջմարզային նշանակության մի շարք ճանապարհներ։

Փակ ճանապարհի պատճառով հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել փրկարարները

Ականատեսները Sputnik Արմենիային հայտնեցին, որ ներկա պահին երկու կողմից փակ է Երևան-Եղեգնաձոր մայրուղին, որը տանում է իրանական սահման։

Առավոտից Հայաստան չեն կարողանում մտնել Վրաստանից դուրս եկած ավտոմեքենաները։ Հայաստանի սահմանին հսկայական խցանումներ են առաջացել։ Տրանսպորտի նախարարությունից առայժմ չի հաջողվել մեկնաբանություն ստանալ։

Փակ են Սեբաստիա — Տիչինա խաչմերուկը, Օրբելի փողոցը, Արցախ — Ռոստովյան, Տիգրան Մեծ — Նար Դոս, Կորյուն — Տերյան, Կորյուն — Աբովյան խաչմերուկները, Իսակովի պողոտան, Ծիծեռնակաբերդի խճուղին, Օրբելի — Կիևյան խաչմերուկը, Գարեգին Նժդեհ հրապարակը, Երևան-Սևան մայրուղին։

Ներկա պահին փակ է նաև Երևանից «Զվարթնոց» միջազգային օդանավակայան տանող մայրուղին։