ՀՀԿ–ն աջակցելու է ԱԺ–ի մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուին

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կուսակցության նիստից հետո հանդես եկավ հայտարարությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի- Sputnik. Քիչ առաջ ավարտվեց Ազգային ժողովում ընթացող ՀՀԿ խմբակցության փակ նիստը, որին, ի դեպ, մասնակցում էր նաև կուսակցության առաջնորդ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նիկոլ Փաշինյանն անպայման կընտրվի. Ծառուկյան

Նիստից հետո Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողներին հայտնեց, որ իրենք մայիսի 8-ին կայանալիք վարչապետի հերթական ընտրություններին թեկնածու չեն առաջադրելու, այլ սատարելու են ԱԺ-ի մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուին։

«Հաշվի առնելով երկրին կայուն ընթացք վերադարձնելու հրամայականը և ի գիտություն ընդունելով մայիսի 1-ին ՀՀ ԱԺ-ում վարչապետի ընտրությանը հնչած դիրքորոշումներն ու արդյունքները` խմբակցության անունից հայտարարում եմ` Հայաստանի Հանրապետությունը մայիսի ութին ունենալու է սահմանադրական ճանապարհով ընտրված վարչապետ»,- ասաց Բաղդասարանը։

Նա հավելեց, որ Հանրապետականները կքվեարկեն Ազգային ժողովի մեկ երրորդի կողմից առաջադրված վաչապետի թեկնածուի օգտին։

Վահրամ Բաղդասարյանը նաև կոչ արեց անհապաղ դադարեցնել տիրող անընդունելի վիճակը, վերաբացել մայրաքաղաքի ու հանրապետության փողոցները, շտապ դադարեցնել օդանավակայանի շրջափակումը և անհանդուրժողականության քարոզը։