Ինչու Փաշինյանը վերադարձրեց ձյուդոյի Եվրոպայի չեմպիոնի ոսկե մեդալը

Փաշինյանը ելույթի ավարտին, այնուամենայնիվ, հետ վերադարձրեց մեդալը այն նվաճողին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Այսօր Հանրապետության հրապարակում ելույթ ունեցավ նաև ապրիլի վերջին Թել Ավիվում կայացած ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ նվաճած և ադրբեջանցի մարզիկի նկատմամբ հաղթանակ տոնած Ֆերդինանդ Կարապետյանը: Ելույթից հետո նա իր նվաճած ոսկե մեդալը նվիրեց Նիկոլ Փաշինյանին` կախելով նրա պարանոցից։

«Այդ գլխավոր հաղթանակին գնալուց առաջ ես խնդիր էի դրել ամեն գնով, անգամ մեռնելու, հաղթել իմ ադրբեջանցի մրցակցին, քանի որ, Աստված մի արասցե, պարտվելու դեպքում ամաչելու էի նայել իմ ժողովրդի աչքերին: Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, բոլորիս հաղթանակն է, իսկ Նիկոլը մեզ բերեց այդ հաղթանակին»,- ասաց մարզիկը։

Նա նաև հավելեց, որ որոշել է այդ մեդալը հանձնել Նիկոլ Փաշինյանին:

Փաշինյանը ելույթի ավարտին, այնուամենայնիվ, հետ վերադարձրեց մեդալը այն նվաճողին` ասելով, որ շատ զգացված է, սակայն մեդալը պետք է կրի Եվրոպայի չեմպիոնը: