Հայաստանի երկաթուղու երթևեկությունը փակ է 14 հատվածում

Ցուցարարներն ամբողջ Հայաստանում փակում են ճանապարհները, երկաթուղու երթևեկությունը նույնպես սահմանափակվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Հայաստանի երկաթուղու աշխատանքը խափանվել է։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Վարդան Ալոյանը։

Տոտալ անհնազանդություն Հայաստանում. փակ են Վրաստան և Իրան տանող ճանապարհները

Երևանից վրացական սահման տանող երկաթուղին փակ է 14 անցումներում։ Երևան-Գյումրի գնացքները ճանապարհի կեսին կանգնել են։

Առայժմ տեղեկություններ չկան են այն մասին, թե բաց է արդյոք Հայաստանի հարավ տանող ուղին (Արտաշատ և Արարատ)։

Հարցին, թե կկարողանա արդյոք մեկնել Երևան-Թբիլիսի երեկոյան գնացքը, ՀԿԵ-ից խոստացան լրացուցիչ հաղորդել։

«Ներողություն ենք խնդրում ուղևորներից անհարմարությունների համար, որոնք կախված չեն մեզանից», — ավելացրեց Ալոյանը։

Հայաստանում բողոքի շարժման առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն առավոտից փակում են փողոցները։ Նրանք փակում են թե՛ գլխավոր, թե՛ երկրորդական ճանապարհները։ Փակ է նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայան տանող ճանապարհը։

Մայիսի 1-ին «Ելք» խմբակցության ղեկավար, բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց փակել օդանավակայանը, բոլոր փողոցներն ու հայտարարել տոտալ դասադուլ և գործադուլ։

Փաշինյանը նման կոչ արեց այն բանից հետո, երբ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը «դեմ» քվեարկեց վարչապետի պաշտոնում նրա ընտրության ժամանակ։