ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Երևան-Թբիլիսի գնացքը վաղվանից կմեկնի ժամանակին ու առանց ուշացումների։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Վարդան Ալոյանը։
Գնացքը Երևանից կմեկնի ըստ ժամանակացույցի՝ 21:30-ին ու առավոտյան Թբիլիսի կժամանի։
Այս տվյալները հաստատել են նաև Վրաստանում։ Sputnik Գրուզիան նույն պատասխանն է ստացել Հարավկովկասյան Երկաթուղու տեղեկատվական ծառայությունից։
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Երևանում և մարզերում վերականգնվել էին անհնազանդության գործողությունները։ Ցուցարարները փակել էին ոչ միայն մայրաքաղաքի ճանապարհները, այլև մարզերի մայրուղիներն ու նույնիսկ երկաթգիծը։ Երթուղային հաղորդակցությունը հանրապետությունում մի քանի ժամով դադարեցվել էր։ Ժամը 17:00-ին բողոքի ակցիաները դադարեցվեցին։