Բողոքի ակցիաների պատճառով գնացքները ժամանակավորապես չեն երթևեկի

Գնացքների երթևեկությունը կասեցված է մինչև գծերի արգելափակման վերացումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Քաղաքացիների կողմից երկաթուղային գծանցների արգելափակման պատճառով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն՝ ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ համաձայնեցմամբ, ժամանակավորապես դադարեցնում է բեռնափոխադրումների և ներհանրապետական ուղևորափոխադրումների իրականացումը՝ մինչև արգելափակումների վերացումը:

Ոստիկանությունը հորդորում է երեխաներին իջեցնել թափքերից. տեսանյութ

«ՀԿԵ» ՓԲԸ-ի հայտարարության մեջ նշված է, որ ընկերության համար առաջնահերթ է քաղաքացիների, ուղևորների և բեռների անվտանգությունը, որը անհնար է լիովին կերպով երաշխավորել ստեղծված պայմաններում՝ հաշվի առնելով գծերի արգելափակումներն ու երկաթուղային տրանսպորտի աշխատանքի միջամտությունը:

Գնացքների շարժը կասեցված է այդ թվում երկաթուղային գծերն արգելափակած քաղաքացիների անվտանգության ապահովման համար, քանի որ երկաթուղային տրանսպորտը հնարավոր վտանգի դեպքում չի կարող անհապաղ կանգնել. մարդատար էլեկտրագնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր, իսկ բեռնատարինը՝ մոտ 1000 մետր:

«Կոչ ենք անում չխոչընդոտել Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկաթուղային տրանսպորտի բնականոն աշխատանքը և պահպանել անվտանգության կանոնները: Ներողություն ենք խնդրում անհանգստությունների համար և հայցում մեր ուղևորների և բեռնափոխադրողների ներողամտությունը»,- նշված է ընկերության հայտարարության մեջ:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: