Արցախը հերքում է Բաքվի տեղեկությունը և հորդորում է տուրք չտալ հակառակորդի սադրանքներին

Արցախի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր են տարածում, թե իբր «ներհայաստանյան զարգացումները ճնշելու համար Արցախից Հայաստան են տեղափոխվում բանակային ստորաբաժանումներ»:

Բաբայան. «Որևէ մեկը չպետք է թույլ տա, որ իրավիճակն ապակայունանա` անկախ որ ճամբարում է»

Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է Բաքվի կողմից տարածված տեղեկությունը և մեր քաղաքացիներին հորդորում տուրք չտալ հակառակորդի սադրանքներին, մանավանդ, որ Արցախի զինված ուժերի միակ ու հիմնական գործառույթն է հանդիսանում երկիրը պաշտպանել արտաքին թշնամուց, այլ ոչ թե գործողություններ իրականացնել հարազատ ժողովրդի դեմ:

Ավելին, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին օրերին հակառակորդի կողմից դրսևորվող ակտիվությունը, այն է՝ ուժերի և միջոցների ինտենսիվ տեղաշարժերն ու կուտակումները և դրանցից բխող անկանխատեսելի հետևանքները կանխելու նպատակով, ՊԲ հրամանատարությունը հետևողականորեն աշխատանքներ է տանում հանրապետության առաջնագիծն անխոցելի պահելու և, ըստ այդմ՝ մարտական հերթապահություն կրող անձնակազմի թվաքանակը ավելացնելու, այլ ոչ թե նվազեցնելու ուղղությամբ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են առաջնագծում իրականացնել պատշաճ վերահսկողություն և պատրաստ են ցանկացած պահի ձեռնարկել իրավիճակից բխող անհրաժեշտ քայլեր: