Բաբլոյանը հորդորում է չվիրավորել ու չսպառնալ պատգամավորներին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հայտարարություն է տարածել` հորդորելով դադարեցնել պատգամավորների բնակարանների ապօրինի շրջափակումը
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Վերջին օրերին և հատկապես այսօր Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ իրականացվում են աղաղակող ապօրինություններ, ինչի հետևանքով խաթարվում է Ազգային ժողովի բնականոն գործունեությունը: Այս մասին նշված է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարության մեջ։

«Հորդորում եմ ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել սոցիալական ցանցերում, փողոցներում և հանրային այլ վայրերում Ազգային ժողովի պատգամավորների հասցեին վիրավորանքներ և սպառնալիքներ հնչեցնելուց, դադարեցնել Ազգային ժողովի պատգամավորների հեռախոսահամարների և հասցեների հրապարակումը»,- նշել է ԱԺ խոսնակը:

Նա հորդորել է նաև դադարեցնել Ազգային ժողովի պատգամավորների բնակարանների ապօրինի շրջափակումը, ձեռնպահ մնալ Ազգային ժողովի պատգամավորների անձնական կյանքի միջամտություններից:

«Նմանատիպ գործողությունները չեն կարող հանգեցնել որևէ դրական տեղաշարժի, չեն կարող տևական ժամանակ հանդուրժվել պետական մարմինների և մեր քաղաքացիների կողմից»,- ընդգծել է Բաբլոյանը:

Նա մեկ անգամ ևս հորդորել է բոլոր քաղաքացիններին և հատկապես երիտասարդությանը` ցուցաբերել ողջախոհություն, զսպվածություն և հանդուրժողականություն: