Թուրքիայում ազատ են արձակել Գիա Քութաիսցու սպանության մեղադրանքով ձերբակալված հայերին

Քննության ընթացքում պարզվել է, որ ոստիկանության ձերբակալած բոլոր անձինք սպանված «օրենքով գողի» շրջապատից էին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Թուրքիայի ոստիկանությունն ազատ է արձակել բոլոր այն անձանց, որոնք ձերբակալվել էին «օրենքով գող» Գայոզա Զվիադաձեի (Գիա Քութաիսցի) սպանության մեղադրանքով։ Այս մասին հայտնում է «Փրայմ Քրայմ» տեղեկատվական գործակալությունը։ Պարբերականի տվյալների համաձայն` բոլոր ձերբակալվածները հենց նրա` Գիայի շրջապատից էին։

«Օրենքով գող» Գիա Քութաիսցու սպանությունը Թուրքիայում. ոստիկանները հայկական հետք են գտել

Պարբերականի տվյալներով` թուրք ոստիկանները ձերբակալել էին սպանության պահին սպանվածի բջջային հեռախոսում գրանցված հեռախոսահամարների տերերին։ Արդյունքում ձերբակալել էին օրենքով գողեր Ռոման Բարբակաձեին (Ռեմենին), Գիգա Պետրիաշվիլուն (Պրոֆեսոր), ինչպես նաև երկու հայաստանցու։

Հիշեցնենք` Թուրքիայում Քութաիսցու սպանության մեղադրանքով ձերբակալվել էին Հայաստանի, Վրաստանի ու Ռուսաստանի քաղաքացիներ Ռ.Ա.-ն (54 տարեկան), Դ.Գ.-ն (55 տարեկան), Դ.Կ.-ն (32 տարեկան), Ա.Մ.-ն (32 տարեկան) և Ա.Ջ.-ն (41 տարեկան)։ Նրանց ինքնության մասին ոչինչ չի ասվում։