ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Հայաստանի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ իր՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու դեպքում Հայաստանը շարունակելու է մնալ Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ:
Խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ընթացքում իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ դիրքորոշումը բխում է ոչ թե ինչ-որ անձի ճաշակից, ոչ թե ինչ-որ անձի դիրքորոշման փոփոխությունից, այլ «Հայաստանի ժողովրդին հաղթանակ բերած համաժողովրդական շարժման տրամաբանությունից»:
«Մենք ասել ենք, որ այս շարժման արդյունքում իշխանության եկել է ժողովուրդը, և ժողովուրդը, շարժման ընթացքում բազմաթիվ փոփոխություններ պահանջելով ներքին կյանքի կազմակերպման, արդարության, օրինականության, իրավունքների պաշտպանության, սոցիալական ապահովության բնագավառում, որևէ փոփոխություն չի պահանջել ու չի պահանջում արտաքին քաղաքականության ոլորտում: Մենք պարտավոր ենք հաշվի նստել ժողովրդի այս ուղերձի հետ»,- նշեց Փաշինյանը:
Նա հավելեց՝ Ռուսաստանին համարել և համարում են ռազմավարական դաշնակից, իսկ համաժողովրդական շարժումը հայ-ռուսական հարաբերությունների համար որևէ սպառնալիք չի ստեղծում:
«Մենք առանձնահատուկ կարևորություն ենք տալիս Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան հարաբերություններին: Որևէ կասկած չկա, որ քաղաքական այս գործընթացը նոր շունչ ու էներգիա է տալու մեր հարևանների հետ մեր հարաբերություններին: Մենք խորացնելու ենք հարաբերությունները Եվրոպական Միության հետ և այդ կառույցի անդամ երկրների հետ: Մենք ամեն ինչ անելու ենք Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության մուտքի արտոնագրի պահանջի վերացման ուղղությամբ: Ակնկալում ենք դրա շուրջ բանակցությունները սկսել ամենամոտ ապագայում»,- նշեց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի շուտափույթ վավերացումը և կյանքի կոչումը բխում է Հայաստանի շահերից:
Ազգային ժողովում ընթանում է հատուկ նիստը. պատգամավորները քննարկում են ՀՀ վարչապետի ընտրության հարցը: Առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։