ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Ռուսաստանը և ԵՄ-ն այս հարցում միասնական են և հանդես են գալիս գրեթե նույն դիրքերից՝ պնդելով, որ Իրանը մինչ այժմ պարտաճանաչորեն կատարել է համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները և միջուկային ծրագիրը վերանայելու իմաստ չկա։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասաց իրանագետ Ահարոն Վարդանյանը` վերլուծելով ստեղծված իրավիճակն ու անդրադառնալով տարածաշրջանային նոր լարվածությանը։
Հիշեցնենք`Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երեկ տեղական հեռուստատեսության ուղիղ եթերում՝ հայտարարել էր, որ իսրայելական հետախուզությունը կես տոննա գաղտնի նյութեր է գտել, որոնք ապացուցում են Իրանում ռազմամիջուկային ծրագրի առկայությունը:«Այս նյութերը համոզիչ կերպով ապացուցում են, որ Իրանը ստում էր, թե երբեք ռազմամիջուկային ծրագիր չի ունեցել»,- ասել է Նեթանյահուն:
«Ամերիկյան և իսրայելական կողմերը պնդում են, որ Իրանը շարունակում է իրացնել ուրանի հարստացման ծրագրերը և ականջալուր չի լինում միջուկային համաձայնությանը։
Իրանական կողմն էլ պնդում է, որ համաձայնագրի ստորագրման օրվանից ի վեր հստակ ու թափանցիկ քայլերով կատարել է իր պարտականությունները, այնինչ ԱՄՆ-ը վերջին շրջանում ագրեսիվ հռետորաբանությանը զուգահեռ, օգտագործելով ձեռքի տակ եղած ողջ գործիքակազմը, փորձում է եվրոպական երկրներին համոզել միասնական տեսակետով հանդես գալ Իրանի դեմ, ինչը սակայն չի ստացվում։
Կարող ենք փաստել, որ իրանական կողմը, կատարելով ճիշտ, հետևողական և հաշվարկված քայլեր, կարողացել է միջուկային համաձայնության հարցում հակասություն մտցնել Արևմուտքի տեսակետում և այս համատեքստում մենք այլևս չունենք ավանդականորեն ընդունված, այսպես ասած, «միասնական Արևմուտքի» կարծիք»,–ասում է Վարդանյանը։
Նա նկատում է, որ իրանական ներկա իշխանությունները չեն էլ թաքցնում, որ միջուկային ծրագիրն Իրանի համար կարևորագույն փաստաթուղթ է, և համարում են իրենց լրջագույն ձեռքբերումը ու հնարավոր ամեն ինչ անում են այն պահպանելու և հետագայում շարունակելու համար։
«Կեղծ են իսրայելական իշխանությունների նշած այդ փաստաթղթերը, թե ոչ, այս դեպքում, դա այդքան էլ էական չէ, բայց որ այս ամենն էլ ավելի է սրելու, առանց այն էլ գերլարված մերձավորարևելյան տարածաշրջանը, միանշանակ է»,–վստահ է իրանագետը։
Բնականաբար, Իսրայելն էլ պետք է քայլեր կատարի տարածաշրջանում իր անվտանգությունն ապահովելու համար։