ՀՀԿ խմբակցության պատգամավորներից մեկը հրաժարական տվեց. պաշտոնական հայտարարություն

Նա մանդատից հրաժարվելու դիմումը հետ վերցնելու համար մեկ շաբաթ ժամանակ ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Ազգային ժողովի պատգամավոր Գրիգոր Ավալյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել։ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այդ կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- նշված է հայտարարության մեջ:

Գրիգոր Ավալյանը Տավուշի Մարզի Մովսես գյուղից է։ Նա անկուսակցական է, 2017թ. ապրիլի 2-ի ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 13 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: