Արթուր Ալեքսանյանի ու Մաքսիմ Մանուկյանի հաղթարշավը. հայ ըմբիշները կպայքարեն ոսկու համար

«Սպիտակ արջը» դեռ ոչ մի միավոր չի տվել մրցակիցներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում ընթացող Եվրոպայի ըմբշամարտի առաջնության մրցումային երկրորդ օրն ավելի արգասաբեր էր Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականի համար: Մեր երկու ըմբիշները՝ Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը, հասան եզրափակիչ փուլ` ապահովելով առնվազն արծաթե մեդալը:

Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը հասան կիսաեզրափակիչ. ինչպե՞ս գոտեմարտեցին հայերը

Բայց երկու ըմբիշների համար էլ, անկասկած, արծաթե մեդալը բավարար արդյունք չէ: Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մրցաշարի մեկնարկից առաջ էլ հաղթողի հիմնական հավակնորդ էր համարվում 97 կգ քաշային կարգում: Ու մեր «սպիտակ արջը» անցկացրած երեք գոտեմարտերում ոչ մի միավոր չի տվել մրցակիցներին:

Կիսաեզրափակիչում Արթուր Ալեքսանյանն իր բարձր կարգը ապացուցեց` բացահայտ հաղթանակի հասնելով ֆինն Մատի Կուսմանենի նկատմամբ՝ 10:0 հաշվով: Եզրափակիչում Ալեքսանյանի մրցակիցն է լինելու սերբ Միխեիլ Կաժայան:

Ալեքսանյանից հետ չի մնում նաև 82 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մաքսիմ Մանուկյանը: Աշխարհի 2017 թվականի չեմպիոնը մեկը մյուսի հետևից տապալեց մրցակիցներին` կիսաեզրափակիչում 8:0 հաշվով ավարտելով հունգարացի Լասլո Սաբոյի հետ գոտեմարտը: Եզրափակիչում Մանուկյանի մրցակիցն է լինելու բելառուս Վիկտոր Սասունովսկին:

Եզրափակիչ գոտեմարտերը կկայանան վաղը՝ մայիսի 2-ին: Ընդ որում, բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն է ստացել 67 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը, որն իր սփոփիչ գոտեմարտը նույնպես անցկացնելու է վաղը: