Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը հասան կիսաեզրափակիչ. ինչպե՞ս գոտեմարտեցին հայերը

Եվրոպայի ըմբշամարտի առաջնության մրցումային երկրորդ օրվա արդյունքներն արդեն հայտնի են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում մեկնարկած Եվրոպայի ըմբշամարտի առաջնության մրցումային երկրորդ օրը գորգ դուրս եկան Հայաստանը ներկայացնող 5 ըմբիշներ, որոնցից երկուսը հասան կիսաեզրափակիչ փուլ։

Հայ ըմբիշները հաղթանակով սկսեցին «եվրոպական» պայքարը, բայց շարունակությունն անհաջող եղավ

60 կգ քաշային կարգում Արմեն Մելիքյանը 1/8 եզրափակիչում 8:7 հաշվով դժվարին հաղթանակ տարավ Մոլդովան ներկայացնող Վիկտոր Չոբանուի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում Մելիքյանը գոտեմարտի ընթացքում 4:0 հաշվով հաղթում էր վրացի Դատո Չխարտիշվիլիին, սակայն սխալվեց ու տանուլ տվեց գոտեմարտը 4:12 հաշվով:

67 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը 1/8 եզրափակիչում 5:3 հաշվով առավելության հասավ սերբ Մատե Նեմեշի նկատմամբ: Հաջորդ փուլում Ասլանյանի մրցակիցը ռուս Արտյոմ Սուրկովն էր: Գրանցվեց 6:3 հաշիվը հօգուտ Սուրկովի: Բայց եթե ռուս ըմբիշը հասնի եզրափակիչ, ապա Ասլանյանը իրավունք կստանա պայքարելու բրոնզե մեդալի համար:

82 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը վստահ սկսեց իր ելույթները` մաքուր հաղթանակ տոնելով խորվաթ Բոզո Ստարչևիչի նկատմամբ: Մանուկյանը կիսաեզրափակիչ դուրս գալու համար գոտեմարտեց բուլղարացի Դանիել Ալեքսանդրովի հետ: Հայ ըմբիշի գրոհների մրցակիցը դիմագրավել չկարողացավ, ու Մանուկյանը, հաղթելով 5:2 հաշվով, շարունակում է պայքարն արդեն կիսաեզրափակիչում:

97 կգ քաշային կարգում Օլիմպիական խաղերի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի առաջին մրցակիցը մեր հայրենակից Ռոբերտ Ավանեսյանն էր, որը ներկայացնում էր Իսրայելը: Ալեքսանյանը բացահայտ առավելության հասավ 9:0 հաշվով: Քառորդ եզրափակիչում Ալեքսանյանը մրցեց հույն Լաոկրատիս Կեսիդիսի հետ: Այստեղ էլ «սպիտակ արջը» խնդիր չունեցավ` ժամանակից շուտ հաղթելով 8:0 հաշվով: Այսպիսով Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է ֆինն Մատի Կուսմանենի հետ:

87 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարում Արթուր Շահինյանը, սփոփիչ առաջին գոտեմարտում 7:0 հաշվով հաղթել լիտվացի Յուլիուս Մատուսևիչին, բայց այնուհետև 3:7 հաշվով պարտվեց գերմանացի Դենիս Կուդլային ու զրկվեց մեդալի համար պայքարելու հնարավորությունից: