Խորհրդարանում մեկնարկել է ՀՀ վարչապետի ընտրության հատուկ նիստը

Այսօր Հայաստանի Հանրապետության խորհրդարանն ընտրում է ՀՀ վարչապետին։ Գրանցված միակ թեկնածում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի– Sputnik. Այսօր ՀՀ ԱԺՆ–ն հատուկ նիստով ընտրելու է ՀՀ վարչապետին։ Ուղիղ 12–ին մեկնարկած նիստը բացած ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասաց, որ այս պահին 105 պատգամավորից գրանցվել են 102–ը։

ԱԺ-ի մեծամասնությունը վարչապետի թեկնածու չի առաջադրել, փոքրամասնությունն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Այս մասին այսօր ԱԺ-ի հատուկ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Փաշինյան` մորուքից մինչև կարգախոսներ. ինչը դրդեց ժողովրդին շարժման առաջնորդի հետևից գնալ

Մինչ նիստի սկսվելը, պատասխանելով լրագրողների հարցերին, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ Հանրապետական խմբակցությունը քվեարկության վերաբերյալ որոշում առայժմ չի կայացրել: «Մենք հնարավորություն կտանք Փաշինյանին ներկայացնելու իր ծրագիրը, եթե ունի ծրագիր, կծանոթանանք հայեցակարգերին և վերջում խմբակցության ղեկավարը քննարկումներից հետո, կներկայացնի իր կարծիքը»,- ասաց Շարմազանովը: Այդուհանդերձ, Շարմազանովը չբացառեց, որ ՀՀ ԱԺ-ն այսօր կընտրի վարչապետ: Ինչ վերաբերում է իր կուսակիցների կողմ քվեարկելու հավանականությանը, Շարմազանովը չցանկացավ մեկնաբանել:

Հիշեցնենք, որ երեկ` ապրիլի 30-ին, «Ելք» խմբակցությունն իր նիստում որոշեց ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Փաշինյանն իր թիմակիցների հետ դռնփակ բանակցություններ անցկացրեց ՀՅԴ–ի և «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների հետ։ Նրանք հայտարարեցին, որ ԱԺ–ում կայանալիք քվերակության ժամանակ սատարելու են Փաշինյանին։ Իսկ ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ իրենք իրենց որոշման մասին կհայտնեն քվեարկությունից առաջ։

ՀՀ նախագահի պաշտոնը 2008 թվականից զբաղեցնող Սերժ Սարգսյանն ապրիլի 23-ին հրաժարվեց վարչապետի պաշտոնից։ Նոր վարչապետի ընտրության հարցը կքննարկվի այսօր` մայիսի 1-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում։ ՀՀ վարչապետի միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։

Ընտրվելու համար Փաշինյանը պետք է առնվազն 53 ձայն ստանա։ «Ելքը», ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը միասին ունեն 47 պատգամավոր։ Առանց ՀՀԿ-ի լրացուցիչ ձայների Փաշինյանն ընտրվել չի կարող։