Ես չեմ տեսնում Ձեզ Գերագույն Գլխավոր հրամանատարի դերում. Շարմազանովը` Փաշինյանին

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ելույթում մեկնաբանում է, թե ինչու չի տեսնում Նիկոլ Փաշինյանին վարչապետի դերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Այո, այսօր մեր երկրում նոր իրողություններ և նոր իրավիճակ է։ ՀՀ վարչապետի թեկնածուի ելույթից հետո ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Հարկ եմ համարում նշել, որ այս օրերի ընթացքում իշխանությունը ցուցաբերել է բացառիկ զսպվածություն, հասարակությունը չի բաժանել մերոնքականների և ձերոնքականների»,–ասաց Շարմազանովը` նշելով, որ պատմությունն ամենիքս և ամեն ինչ կդնի իր տեղը։

Ներքաղաքական զարգացումներին Քոչարյանի մասնակցության լուրը մեկնաբանում է Վիկտոր Սողոմոնյանը

ԱԺ փոխխոսնակը նշում է, որ Հայաստանում ժողովրդավարական արժեքները տեղ ունեն և բոլորը պարտավոր են հարգել բազմակարծությունը։

«Ինձ համար անընդունելի է ճնշում գործադրել որևէ պատգամավորի վրա` ընտրություն անելու համար։ Այսօր մենք ընտրում ենք, ոչ թե լավ հռետոր, այլ գործադիրի ղեկավար, որը պետք է աչքի ընկնի կանխատեսելիությամբ և հստակ ծրագրով»,–ասաց  Շարմազանովը և հարցրեց, թե Ձեր ընտրվելու պարագայում ո՞վքեր են լինելու փոխվարչապետներն ու նախարարները` պատասխան չկա։

Նա հիշեցրեց, որ Փաշինյանը մի քանի ամիս առաջ պահանջում էր դուրս գալ ԵԱՏՄ–ից, իսկ այսօր ասում` իրողություն է փոխվել։

«Արցախյան հիմնահարցում որևէ հայեցակարգ չներկայացրեցիք` ո՞նց եք բանակցելու, ի՞նչ է լինելու 7 ազատագրված տարածքների ճակատագիրը։ Քաղաքական գործիչների համար ամենակարևորը գաղափարախոսությունն է։ Ես հույս ունեի լսել վարչապետի թեկնածուի հայեցակարգային ելույթ, բայց ականատես եղա ժողովրդի ականջը շոյող ելույթի»,–ասաց Շարմազանովը և հայտարարեց` ես չեմ տեսնում Ձեզ Գերագույն Գլխավոր հրամանատարի դերում։

Նա իր խոսքն ավարտեց հիշեցնելով ապրիլի 17–ի ելույթը`եթե ոմանց պետք են ուժեղ ցնցումներ, մեզ պետք է ուժեղ Հայաստան։