ՀՀԿ–ն իր որոշման մասին շուտով կհայտարարի. հանրապետականները միասնական որոշում են կայացրել

Հանրապետականների դռնփակ նիստն ավարտվեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. ՀՀԿ խմբակցությունը դռնփակ նիստ անցկացրեց, որից հետո ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ու ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեցին լրագրողների հարցերին։ Այս մասին ԱԺ-ից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Նիստի ավարտից հետո պատգամավորները հրաժարվեցին հայտնել, թե ինչ որոշում է կայացվել նիստի ընթացքում։

Ես չեմ տեսնում Ձեզ Գերագույն Գլխավոր հրամանատարի դերում. Շարմազանովը` Փաշինյանին

Շարմազանովն ասաց, որ որոշման մասին իր ելույթում նիստի ժամանակ կհայտարարի խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Նա նշեց նաև, որ իր տեսակետը չի փոխել ու Նիկոլ Փաշինյանին չի տեսնում վարչապետի ու երկրի գլխավոր գերագույն հրամանատարի դերում։

Շարմազանովը չպատասխանեց հարցին, թե հնարավո՞ր է` հանրապետականները դեմ քվեարկեն կամ ընդհանրապես չքվեարկեն։ Շարմազանովը հորդորեց սպասել Վահրամ Բաղդասարյանի ելույթին։

Բաղդասարյանն իր հերթին նշեց, որ հանրապետականները միասնական որոշում են կայացրել։

Հիշեցնենք, որ ըստ ԱԺ կանոնակարգի՝ նիստում հերթագրված բոլոր ելույթներից հետո հանդես կգան բոլոր խմբակցություններին ղեկավարները և կհայտարարեն, թե ինչպես է քվեարկելու իրենց քաղաքական ուժը։