ՀՀԿ–ն հայտարարեց` դեմ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի հանրապետական կուսակցության դիրքորոշումը հրապարակեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. ՀՀԿ-ն «Ելք» խմբակցության առաջադրած վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից և այսօրվա քննարկումներից հետո ՀՀԿ-ն ամբողջացրել է կարծիքը և հստակ որոշում կայացրել, որը խորհրդարանի ամբիոնից բարձրաձայնեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

«Մենք դեմ ենք քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը»,- հայտարարեց նա` նշելով, որ ներկայացնում է ՀՀԿ-ի միասնական դիրքորոշումը։

Նա միաժամանակ նշեց, որ իրենք ընդունել և ընդունում են ժողովրդական շարժման հաղթանակը և համաձայն են հնչող քննադատությունների հետ։

Նշենք, որ այս պահին Ազգային ժողովում ընթանում է ԱԺ հատուկ նիստը, որի ընթացքում պատգամավորները քննարկում են ՀՀ վարչապետի ընտրության հարցը: Առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։ 105 պատգամավորից նիստին ներկա են 102-ը։ Ընտրվելու համար Փաշինյանը պետք է առնվազն 53 ձայն ստանա։ «Ելքը», ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը միասին ունեն 47 պատգամավոր։ Առանց ՀՀԿ-ի լրացուցիչ ձայների Փաշինյանն ընտրվել չի կարող։