Երևանի կենտրոնում հանրահավաք է` ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի

Քաղաքի կենտրոնում Հայաստանի դրոշներով և Փաշինյանի դիմանկարներով ավտոմեքենաներ են շրջում` ձայնային ազդանշան տալով և մարդկանց կոչ անելով միանալ ակցիային։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Այսօր առավոտից Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկել է հանրահավաք` ի աջակցություն ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի։

Քաղաքացիները հավաքվում են երկրի գլխավոր հրապարակում, որտեղից առցանց ռեժիմով հետևելու են ԱԺ–ում տեղի ունեցող քվեարկությանը։ Այդ նպատակով հրապարակում երկու մեծ էկրան է տեղադրվել։

Հայաստանը պիտի ունենա վարչապետ. Վահրամ Բաղդասարյան

Ողջ քաղաքի կենտրոնով Հայաստանի դրոշներով և Փաշինյանի դիմանկարներով ավտոմեքենաներ են շրջում` ձայնային ազդանշան տալով և մարդկանց կոչ անելով միանալ ակցիային։

Հիշեցնենք, որ Փաշինյանը վարչապետի պաշտոնի միակ թեկնածուն է։ Անցած գիշեր նա իր տեսաուղերձում հայտնել է, որ ՀՀԿ մտադիր է ձախողել նրա ընտրությունը։ Նա կոչ է արել իր կողմնակիցներին «հարյուր հազարներով հավաքվել Հանրապետության հրապարակում»` հույս ունենալով, որ մարդկանց ակտիվությունը կխափանի ՀՀԿ–ի ծրագրերը։

Փաշինյանի թեկնածությունն ապրիլի 30-ին առաջադրել է «Ելք» խմբակցությունը։ Սակայն ընդդիմադիրը վարչապետ դառնալու համար պետք է ստանա 53 ձայն 105 ձայնից։ Հետևաբար, նրա համար պետք է քվեարկեն ոչ միայն «Ելք» խմբակցությունը, «Ծառուկյան» դաշինքն ու ՀՅԴ–ն, այլև ՀՀԿ իշխող կուսակցության պատգամավորների մի մասը։

ՀՀ խորհրդարանը վարչապետի ընտրության հարցը կքննարկի այսօր` մայիսի 1-ին։ Ավելի վաղ ՀՀԿ մամուլի քարտուղար, խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնել էր, որ խմբակցությունը կհայտարարի իր դիրքորոշման մասին Փաշինյանի ծրագիրը լսելուց հետո։