ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. «Հրապարակ» թերթը գրում է. «Արամ Սիմոնյանի ղեկավարած կառույցում բարոյահոգեբանական մթնոլորտն այդպես էլ չի առողջանում, նա շարունակում է իր վերահսկողության տակ պահել ցանկացած գործընթաց՝ ուսխորհուրդների ձևավորումից մինչև դեկանների ու ամբիոնի վարիչների ընտրություն:
Երիտասարդ կադրերը շարունակում են տառապել պրոֆեսորադասախոսական կազմի գրեթե զառամյալ, իրենց դարն ապրած, բարոյապես ու ֆիզիկապես մաշված բյուրոկրատների ձեռքը: Բուհական կրթության մասին օրենքն էլ են փոխում, որ դեկանների ու մյուս պաշտոնյաների երիտասարդացման հարցը լուծեն, բայց էլի նույն «հնամաշ» ու ծերունական վիճակն է մայր բուհում:
70-80 տարեկան դեկաններն ամեն գնով ուզում են մինչև կյանքի վերջը կառչած մնալ իրենց պաշտոններից, որոնք զբաղեցնում են 20, 30, 40 տարի շարունակ: Ու դրան հաջողությամբ նպաստում է իր աթոռին ոչ պակաս ամուր կառչած ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Երեկ, օրինակ, տեղի էր ունենում աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի ընտրությունը: Ու նորից դեկան է ընտրվել 38 տարի այս ֆակուլտետը ղեկավարած 78-ամյա Մարատ Գրիգորյանը: Սա տեղի է ունեցել բավականին զավեշտալի մի պրոցեսի հետևանքով. Գրիգորյանը մեկ ամիս առաջ հրաժարական է տվել դեկանի պաշտոնից, որ մեկ ամիս անց, երբ հայտարարվի նոր դեկանի ընտրություն, նորից առաջադրի իր թեկնածությունը:
Սա արվել է մի պարզ պատճառով, որպեսզի մինչև օրենքի փոփոխությունը, երբ դեկան կարող են դառնալ առավելագույնը 65 տարին լրացածները, նա ևս 5 տարով ամրագրած լինի իր պաշտոնը:
Սրան իր հրահանգներով նպաստել է ռեկտոր Արամ Սիմոնյանը, որն այս տարիներին մշտապես աջակցել է Գրիգորյանին՝ արգելելով երբևէ նրա դեմ որևէ թեկնածություն առաջադրել: Երեկվա ընտրություններին Մարատ Գրիգորյանի միակ մրցակիցը եղել է նույն ֆակուլտետի պրոֆեսոր, ինքնաառաջադրված Մաքսիմ Մանասյանը, ում պայմանագիրը երկու ամիս առաջ Արամ Սիմոնյանը հրաժարվել է երկարաձգել: Մանասյանը, սակայն, կեսից թողել դուրս է եկել, քանի որ գիտխորհրդի անդամները նրան ժամանակ չեն տրամադրել՝ ներկայացնելու իր ծրագիրը»: