«Եվրատեսիլ 2018»–ի հայաստանյան ժյուրին գլխավորում է Արամոն. ովքե՞ր են ժյուրիի կազմում

Հայտնի է դարձել` ովքեր են լինելու «Եվրատեսիլ 2018» մրցույթին մասնակցող երկրների ժյուրիների անդամները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Այսօր` մայիսի 1-ին, հրապարակվել է մասնակից երկրների ժյուրիի կազմը։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս յուրաքանչյուր երկրի ժյուրիի կազմում լինելու են 5 անդամ։ Այս մասին հայտնում է ogae.am կայքը։

«Եվրատեսիլ 2018». փորձի ժամանակ Սևակ Խանաղյանի ելույթը «հզոր» են որակել. տեսանյութ

Մեր ժյուրիի կազմում են երգիչ, դերասան Արամոն, երգչուհի, երգահան Ալլա Լևոնյանը, ոճաբան Արմեն Գալյանը, երգչուհի, Եվրատեսիլ 2016-ին Իվետա Մուկուչյանի բեք-վոկալիստ Մաշա Մնջոյանը և «Վան» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արևշատյանը։

Ժյուրիի կազմը հաստատվում է յուրաքանչյուր երկրի ազգային հեռարձակող հեռուստաընկերության կողմից։ Անդամները պետք է նախորդ երկու տարիներին ընդգրկված չլինեն ժյուրիի կազմում, կապ չունենան հեռարձակող ընկերություններից որևէ մեկի հետ, բարձր լինեն 16 տարեկանից, կապ ունենան երաժշտական ասպարեզի հետ, լինեն ներկայացնող երկրի քաղաքացի և որևէ կապ չունենան մասնակիցների կամ նրանց երգերի հետ` ապահովելու անաչառ քվեարկությունը։

Քվեարկության արդարությունն ապահովելու համար ժյուրիի յուրաքանչյուր անդամի քվեարկությունը հաստատվում է տվյալ երկրի նոտարական գրասենյակի կողմից։ Բացի այդ Եվրոպական հեռարձակողների միությունը իրավունք ունի անակնկալ այցերով անկախ դիտորդներ ուղարկել մասնակից երկրներ` հետևելու ժյուրիի անդամների քվեարկության գործընթացին։

«Եվրատեսիլ-2018»–ի հայաստանյան ներկայացուցիչ Սևակ Խանաղյանն առաջին անգամ հանդիպել է լրագրողների հետ և պատմել, թե ինչպես է պատրաստվում մրցույթին։ Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ» 63-րդ երաժշտական մրցույթն առաջին անգամ կանցկացվի Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում։ Կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 8-ին և 10-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 12-ին։