ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը հայտարարություն է տարածել, որով հայտնում է, որ այսօր ՀՀ ազգային ժողովում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հնչեցրած տեսակետը անձնական որոշում է և չի համապատասխանում Հայ Յեղափոխական Դաշնակցության պաշտոնական դիրքորոշմանը:
Հայտարարության մեջ նշվում է, որ նրա կողմից կատարվել է կարգապահական կոպիտ խախտում, որը կդառնա քննության նյութ:
Ըստ այդմ` ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն պահանջում է Աղվան Վարդանյանից վաղաժամ վայր դնել պատգամավորական մանդատը:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ–ում ելույթների ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարել էր, որ պատրաստ է վայր դնել մանդատը, բայց չքվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին:
«Չեմ կարող իմ խղճին դեմ գնալ ու քվեարկել Նիկոլի օգտին: Սա նույնիսկ ընտրություն չէ, քանի որ դու ունես երկու տարբերակ՝ ընտրել կամ չընտրել»,-ասել էր Վարդանյանը:
Նա նաև հայտնել էր, որ որոշումն իր անձնական որոշումն է, որևէ կապ չունի խմբակցության ու կուսակցության հետ, որոնք հայտարարել են ժողովրդի թեկնածուին աջակցելու մասին:
Դեռևս ոչ պաշտոնական տվյալով` պատգամավորական մանդատից հրաժարվել է ՀՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Ավալյանը։
Նշենք, որ այս պահին Ազգային ժողովում ընթանում է ԱԺ հատուկ նիստը, որի ընթացքում պատգամավորները քննարկում են ՀՀ վարչապետի ընտրության հարցը: Առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։ 105 պատգամավորից նիստին ներկա են 102-ը։
Ընտրվելու համար Փաշինյանը պետք է առնվազն 53 ձայն ստանա։ «Ելքը», ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը միասին ունեն 47 պատգամավոր։ Առանց ՀՀԿ-ի լրացուցիչ ձայների Փաշինյանն ընտրվել չի կարող։
ՀՅԴ–ն ապրիլի 29-ին հայտարարել էր, որ սատարելու է Նիկոլ Փաշինյանին։