Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. 3 երիտասարդ տեղում մահացել են

Վթարից հետո BMW-ի վարորդը փորձել է օգնություն ցուցաբերել վիրավորներին, սակայն քանի որ մութ է եղել նա մոտ 6 մետր բարձրությունից գլորվել է ցած։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Այս գիշեր Լոռու մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարը 3 մարդու կյանք է խլել։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Մայիսի 1-ին, ժամը 02:00-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչ 45-ամյա Ալեքսան Վարդանյանի վարած BMW մակնիշի 019 TT 01 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 34 FC 274 համարանիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով 06-ը կողաշրջվել է: Փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, 06-ի միջից դուրս են բերել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչներ 21-ամյա Թաթուլ Ֆերոյանի, 18-ամյա Գրիշա Մովսիսյանի, 18-ամյա Նարեկ Ամիրխանյանի դիերը, իսկ 06-ի մյուս ուղևորներ, նույն գյուղի բնակիչներ 19-ամյա Սամվել Սանեյանը, 20-ամյա Ռազմիկ Մարգարյանը, 18-ամյա Մուշեղ Մարգարյանը և BMW-ի վարորդ Ա. Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ Բ. Մուրադյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր.-օրի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են 06-ի վարորդի ինքնությունը: Վթարից հետո BMW-ի վարորդը փորձել է օգնություն ցուցաբերել վիրավորներին, սակայն քանի որ մութ է եղել նա մոտ 6 մետր բարձրությունից գլորվել է ցած ու նրան ձորից դուրս են բերել Վանաձորի փրկարարները ու քաղաքացիները: Ավտոմեքենաները քննիչի հանձնարարականով տեղափոխվել են Ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք: