Սարգսյանը վճռորոշ պահին դիմել է կոչով

ՀՀ նախագահը կոչ է արել ցանկացած քայլի և գործողության դիմելիս մնալ օրենքի և Սահմանադրության շրջանակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ներքաղաքական վերջին իրադարձությունների հետ կապված, հայտարարություն է արել և հորդորել դրսևորել քաղաքացիական բարձր պատասխանատվություն և ողջախոհություն: Սարգսյանի հայտարարությունը հրապարակել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Սիրելի հայրենակիցներ, այսօր Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայության, ինչպես նաև ողջ աշխարհի ուշադրությունը սևեռվել է Երևանի վրա: Այս վճռորոշ պահին կոչ եմ անում բոլորին՝ Ազգային ժողովի պատգամավորներին, քաղաքական ուժերին, պետական ողջ համակարգին, մեր հասարակության տարբեր շերտերին, երիտասարդներին՝ դրսևորել քաղաքացիական բարձր պատասխանատվություն և ողջախոհություն, ցանկացած քայլի և գործողության դիմելիս մնալ օրենքի և Սահմանադրության շրջանակներում՝ ի շահ մեր պետության և ժողովրդի»:

ԱԺ հատուկ նիստն արդեն մեկնարկել է։ 105 պատգամավորից գրանցվել են 102–ը։ Վաչապետի միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է:

Հիշեցնենք. որ երեկ` ապրիլի 30-ին, «Ելք» խմբակցությունն իր նիստում որոշեց ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Փաշինյանն իր թիմակիցների հետ դռնփակ բանակցություններ անցկացրեց ՀՅԴ–ի և «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների հետ։ Նրանք հայտարարեցին, որ ԱԺ–ում կայանալիք քվերակության ժամանակ սատարելու են Փաշինյանին։ Իսկ ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ իրենք իրենց որոշման մասին կհայտնեն քվեարկությունից առաջ։

ՀՀ նախագահի պաշտոնը 2008 թվականից զբաղեցնող Սերժ Սարգսյանն ապրիլի 23-ին հրաժարվեց վարչապետի պաշտոնից։ Նոր վարչապետի ընտրության հարցը կքննարկվի այսօր` մայիսի 1-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում։ ՀՀ վարչապետի միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։

Ընտրվելու համար Փաշինյանը պետք է առնվազն 53 ձայն ստանա։ «Ելքը», ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը միասին ունեն 47 պատգամավոր։ Առանց ՀՀԿ-ի լրացուցիչ ձայների Փաշինյանն ընտրվել չի կարող։