Ցույցերը խոչընդոտ չեն. արագ սննդի խոշորագույն ցանցն ընդլայնվում է Հայաստանում

Pizza Hut–ը մտադիր է մի շարք հաստատություններ բացել ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում ու Ադրբեջանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Չնայած Հայաստանում տիրող ոչ կայուն քաղաքական վիճակին` Pizza Hut ռեստորանների ցանցը պատրաստվում է մասնաճյուղ բացել երկրում։ Հայաստանում, Ռուսաստանում ու Ադրբեջանում ցանցի զարգացման առաքելությունը ստանձնել է լեհական AmRest ընկերությունը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Pizza Hut ռեստորանների ցանցն ու AmRest Holdings SE (AmRest) հոլդինգը համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն` AmRest-ը զարգացնելու է Pizza Hut ցանցը Ռուսաստանում, Հայաստանում ու Ադրբեջանում», — նշված է հրապարակման մեջ։

Ընկերությունն արտոնագրեր է տրամադրելու նշված երկրներում Pizza Hut ռեստորաններ բացելու համար։ Գործարքի շրջանակում AmRest-ը նաև ձեռք է բերում Մոսկվայում գտնվող 16 Pizza Hut-ի ակտիվները։

«Ռեստորանի եվրոպական թևը մտադիր է տարածաշրջանում հաստատությունների լուրջ զարգացում ու աճ ապահովել։ Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը կարևոր դերակատարություն ունեն այդ ռազմավարության մեջ», — հրապարակման մեջ նշվում է Pizza Hut Եվրոպայի կառավարող տնօրեն Ռեգինա Բորդի խոսքը։

Pizza Hut-ը Yum! Brands-ի դուստր ընկերությունն է, ավելի քան 17 հազար ռեստորան ունի ավելի քան 100 երկրում։ AmRest-ը ստեղծվել է 1993 թվականին, երբ Վրոցլավում (Լեհաստան) բացվեց առաջին Pizza Hut ռեստորանը։