Մակրոնը զանգահարել է Պուտինին և տեսանյութը հրապարակել համացանցում

Հեռախոսազրույցը կայացել է Մակրոնի` Ավստրալիա մեկնելուց առաջ։ Երկու պետությունների ղեկավարները քննարկել են Իրանի միջուկային ծրագիրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ինքնաթիռից զանգահարել է ռուս գործընկերոջը` Վլադիմիր Պուտինին և տեսանյութը հրապարակել Twitter-ի իր էջում։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հեռախոսազրույցը կայացել է Մակրոնի` Ավստրալիա թռչելուց առաջ։ Երկու պետությունների ղեկավարները քննարկել են Իրանի միջուկային ծրագիրը։

Ֆրանսիայի նախագահի խոսքով` Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա, և դրանից է կախված տարածաշրջանում կայունությունն ու միջազգային անվտանգությունը։

«Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ ճիշտ այնպես, ինչպես պետք է աշխատենք Սիրիայում արդար խաղաղություն հաստատելու համար», — գրել է Ֆրանսիայի նախագահը թե ֆրանսերեն և թե անգլերեն։

​Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ Պուտինը հեռախոսով Մակրոնի հետ քննարկել է Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը։ Հաղորդագրության համաձայն` Մակրոնը տեղեկացրել է Պուտինին ԱՄՆ կատարած այցի արդյունքների մասին` շեշտը դնելով Իրանի միջուկային ծրագրի իրականացման համատեղ համապարփակ գործողությունների պլանի շուրջ առկա վիճակի շուրջ բանակցությունների վրա։