ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. «Իմ քայլը» բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը վերջին ամսվա մեջ առաջին անգամ կոստյումով հայտնվեց բողոքի ակցիային, որը մեկնարկել է Գարեգին Նժդեհի հրապարակից։
Փաշինյանը Գարեգին Նժդեհի հրապարակ մեկնեց ԱԺ-ում ՀՀԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո։
Նա իր համախոհների հետ քայլում է դեպի Հանրապետության հրապարակ։ Ճանապարհին հանեց պիջակը և դրեց գլխարկը, որը բողոքի ակցիաների սկզբից դարձել է նրա կերպարի անբաժանելի մասը։
ՀՀԿ-ի հետ հանդիպմանը նա մի քանի անգամ հիշեցրեց, որ շտապում է և քիչ ժամանակ ունի։ Արդյունքում Փաշինյանը հասցրեց իր իսկ ծրագրած ցույցին և բողոքի քայլերթին։
Նախօրեին Փաշինյանն իր կողմնակիցներին կոչ էր արել ապրիլի 30-ին ժամանակավորապես դադարեցնել քաղաքացիական անհնազանդության ակցիաները, որպեսզի հնարավորություն ունենա ավարտին հասցնել սկսած գործը և ամրագրել «թավշյա հեղափոխության» հաղթանակը։ Փաշինյանն այսօր հանդիպել է բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ։