Շառլ Ազնավուրը «Ծագող արևի» շքանշան է ստացել

Ճապոնիայի կառավարությունը գնահատել է շանսոնյեի ակտիվ երաժշտական գործունեությունը արտասահմանում, այդ թվում՝ Ճապոնիայում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 Ապրիլ — Sputnik. Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը դարձել է «Ծագող արևի» շքանշանակիր։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը։

«2018թ. ապրիլի 29-ին Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է Գարնանային շքանշանի հանձնում 2018-ի օտարերկրացի դափնեկիրներին: Երգիչ Շառլ Ազնավուրը նրանցից մեկն է։ Ճանաչելով իր ներդրումը Ճապոնիայում երաժշտության զարգացման և Ճապոնիայի և Ֆրանսիայի միջև բարեկամության ամրապնդման գործում, նա արժանացել է Ծագող արևի շքանշանին:

Շառլ Ազնավուրն արձագանքեց Հայաստանում ծավալված դեպքերին

Պրն. Ազնավուրը, ով նաև Շվեյցարիայում ՀՀ դեսպանն է, ակտիվ երաժշտական գործունեություն է ծավալում արտասահմանում, այդ թվում՝ Ճապոնիայում: Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունն իր ջերմ շնորհավորանքն է հղում նրան շքանշանը ստանալու առթիվ»,–ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:

«Ծագող արևի» շքանշանը Ճապոնիայի առաջին ազգային շքանշանն է։ Ճապոնիայի Պետական խորհուրդը հիմնել է այն 1875 թվականի ապրիլի 10–ին։ «Ծագող արևի» շքանշանն իր նշանակությամբ երրորդ պարգևն է Ճապոնիայում։

Այդ շքանշանով պարգևատրում են ինչպես ճապոնացիներին, այնպես էլ օտարերկրացիներին։ Մինչ վերջերս «Ծագող արևի» շքանշանը տրվում էր միայն տղամարդկանց` ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական վաստակի համար։ 2003 թվականին փոփոխություններ են մտցվել. հիմա այդ շքանշանի կրողներ կարող են լինել նաև կանայք։

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը (իսկական անունը` Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924թ.-ի մայիսի 22-ին Փարիզում՝ հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։

Համաշխարհային հռչակ է ձեռք բերել 1956թ.-ին Փարիզի դահլիճներից մեկում հաջող ելույթից հետո։ Նրա գրած երգերը կատարել են Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։

Շառլ Ազնավուրը միջազգային ասպարեզում ռեկորդային թվով ձայնասկավառակ է վաճառել (180 մլն)։