Ոչ մի քաղաքականություն. Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքն աշխատում է ըստ չվացուցակի

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հերքում է լուրն այն մասին, թե Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքը չի աշխատել, որպեսզի մարդիկ ցույցի չգնան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ որոշ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվությունն այն մասին, որ Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքը չի աշխատել ապրիլի 25-27-ին, իրականությանը չի համապատասխանում: Հայտնում ենք, որ ապրիլի 25-ից մինչև 30-ը ներառյալ չէր չեղարկվել կամ ուշացվել Երևան-Գյումրի-Երևան երթուղու ոչ մի էլեկտրագնացք, այդ թվում ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերի գործող ճեպընթացը: «ՀԿԵ» ՓԲԸ բոլոր էլեկտրագնացքներն աշխատում են ըստ չվացուցակի:

«Լրատվամիջոցներին կոչ ենք անում չհրապարակել իրականությանը չհամապատասխանող, չստուգված տվյալներ, որոնք վարկաբեկում են Ընկերության համբավը»,- նշված է հաղորդագրության մեջ:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: