Զախարովան խոսել է Ռուսաստանի և Հայաստանի հատուկ հարաբերությունների մասին

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հայերին մաղթել է իմաստություն, կամք և աստվածային նախախնամություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան յուրահատուկ է համարում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները։ Այդ մասին նա հայտարարել է «Կիրակնօրյա երեկո» Վլադիմիր Սոլովյովի հետ հեռուստահաղորդման եթերում։

Նրա խոսքով` ավելի վաղ Երևանի իրադարձությունների մասին ունեցած իր մեկնաբանությունները կապված են եղել Մոսկվայի տեսակետի, այլ ոչ թե իր անձնական կարծիքի հետ։

«Օգտվելով եթերի հնարավորություններից` ցանկանում եմ հայ ժողովրդին մաղթել իմաստություն, կամք և աստվածային նախախնամություն։ Հնարավոր է, որ դա դիվանագիտական բառապաշարից չէ, բայց ժամանակները տարբեր են լինում, և ես ուզում եմ հենց դա մաղթել։ Ուզում եմ կրկնել, որ Ռուսաստանը և Հայաստանը յուրահատուկ հարաբերություններ ունեն», — ասել է Զախարովան։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին` Հայաստանում բողոքի ակցիաների ամենաթեժ շրջանում, Զախարովան գրել էր. «Ժողովուրդը, որն անգամ իր պատմության ամենաբարդ պահերին ուժ ունի չպառակտվելու և պահպանելու միմյանց նկատմամբ հարգանքը՝ չնայած արմատական տարաձայնություններին, հզոր ժողովուրդ է: Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»: