Վաղը վարչապետի ընտրությունը պիտի կայանա առանց նախապայմանների. Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունում կտիրի լիարժեք օրինականություն, պնդում է «Ելք» խմբակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Այս պահին ՀՀԿ–ի հետ որևէ համաձայնություն չկա։ Այս մասին այսօր խորհրդարանում կայացած «Ելք» խմբակցության նիստից հետո լրագրողներին ասաց խմբակցության ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

Միրզոյան. ««Ելքը» որոշել է ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել Փաշինյանի թեկնածությունը»

«Տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որի նպատակն է եղել պլանավորել այսօրվա հանդիպումը։ Հանդիպումը կկայանա, կտեսնենք` կլինի համաձայնություն, թե՞ ոչ։ Կանխատեսումներ անել պետք չէ, որովհետև համոզվել ենք, որ վերջերս ոչ բոլոր կանխատեսումները չեն իրականանում»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` երկրում անհրաժեշտ է ստեղծել աշխատանքային մթնոլորտ, Հայաստանում պետք է անհանդուրժողականության, ատելության  էջը փակել, պետք է տիրի լիարժեք օրինականություն։

«Այսօր աշխատանքային տրամադրությամբ եմ եկել, պետք է հանդիպումների պատրաստվեմ։ Հիմա կանգնած ենք ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու առաջ։ Բոլոր այն խելամիտ քայլերը, որոնք կհաղթահարեն այս ճգնաժամը, կարվեն։ Քննարկումների արդյունքում որոշումներ կկայացվեն»,–ասաց Փաշինյանը`հավելելով, որ վաղը վարչապետի ընտրությունները պիտի կայանան առանց նախապայմանների։