Իշխանությունը կօրինականացնի՞ գործատուների քմահաճույքը. արհմիությունները չեն հանձնվում

Վճարե՞լ աշխատակցին արտաժամյա աշխատանքի կամ +40 ջերմաստիճանի պայմաններում աշխատելու համար. այս հարցերը գործատուները պետք է լուծեն խղճի թելադրանքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Հայաստանի աշխատանքային օրենսգրքի նոր խմբագրումը կարող է օրինականացնել աշխատակիցների շահագործումը։ Այս մասին լրագրողներին ասաց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանը։

Աշխատանքային օրենսգրքի նոր նախագծով արտաժամյա աշխատանքը կհամարվի հարկադիր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն օրենսգքրի նոր տարբերակում առաջարկել է չեղյալ հայտարարել երաշխավորված հավելավճարները` արտաաշխատանքային ժամերին, տոներին, ինչպես նաև վնասակար և հատկապես վնասակար արտադրություններում աշխատելու համար։ Աշխատողներին առաջարկում են այդ իրավունքները «պոկել» գործատուից կա՛մ սեփական ուժերով, կա՛մ արհմիությունների միջոցով։ Եթե չկարողանան, ոչինչ չեն ստանա։ Աշխատողին պաշտպանելու այդ միջոցը վերացրել են` փոխարենը ոչինչ չառաջարկելով (օրինակ` պարտադիր մասնագիտական ապահովագրում)։

Կառավարությունը հավանություն է տվել փոփոխություններին ու խորհրդարան է ուղարկել, որտեղ առայժմ չեն քննարկել դրանք։

«Այդ օրինագծում ամեն ինչ չէ, որ վատ է։ Օրինակ` ընդլայնվել է նոր աշխատավայրում արձակուրդի իրավունքը։ Կարելի է արձակուրդ գնալ ոչ թե վեց ամսից, այլ ավելի շուտ։ Սակայն, ինչպես նշեցի, մի շարք հարցեր են հայտնվել։ Մենք քննարկել ենք Աշխատանքի նախարարության հետ, բայց ոչինչ չենք կարողացել փոխել», — ասաց Խառատյանը։

Իհարկե, արհմիությունների նշանակությունը կբարձրանա. հենց նրանք են հիմնականում բանակցելու բիզնեսի հետ։ Այդ պատճառով կարելի է աշխատակիցներին կոչ անել հիմնարկություններում արհմիություններ ստեղծել կամ ամրապնդել դրանք։

Սակայն հարցը սխալ է դրված։ Աշխատակիցը ոչ թե պետք է ինչ-որ պայմանավորվածության գա իր իրավունքների շուրջ, այլ պետք է պարզապես ունենա այդ իրավունքները։ Խառատյանն ընդգծեց, որ հենց պետությունը պետք է երաշխավորի այդ իրավունքները։

Նշենք, որ ըստ Հայաստանի օրենսդրության` արհմիությունները պետական կառույցներ չեն։ Աշխատակիցները դրանք ինքնուրույն են ստեղծում հիմնարկություններում։ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան կառավարության հետ հուշագիր ունի։