ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության անդամները պետք է հետևեն Սերժ Սարգսյանի ողջախոհության օրինակին ու չկառչեն իշխանությունից։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստանի գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ Մակարյանը։
Նրա գնահատմամբ` ապրիլին ամբողջ երկրում անցկացվող զանգվածային ակցիաները կարող են ՀՆԱ-ի 2% կրճատման հանգեցնել։ Մակարյանը նշեց, որ նոր բախումները կարող էին ավելի ցնցել տնտեսությունը. Սերժ Սարգսյանը տեսավ այդ ու իր վրա պատասխանատվություն վերցրեց` հեռանալու որոշում ընդունելով։
«Հուսանք` նրա որոշումը կազդի կուսակցության մյուս անդամների վրա։ Այսինքն` նրանք չեն փորձի անձնական շահերից ելնելով կառչել իշխանությունից», — հայտնեց Մակարյանը։
Մակարյանը կարծում է, որ աշխատատեղերի բացակայության հետևանքով Հայաստանի հասարակությունն արդարության բացակայություն է զգում։ Այդ պատճառով հիմա ամենակարևորն այն է, որ բիզնեսները պետք է առանձնացած լինեն պետական ապարատից, պատգամավորները սա հաշվի առնեն և նույն սխալները չկրկնեն։
Հիշեցնենք` ՀՀ նախագահի պաշտոնը 2008 թվականից զբաղեցնող Սերժ Սարգսյանը ապրիլի 23-ին հրաժարվեց վարչապետի պաշտոնից։ Նշենք, որ նոր վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում։