«Ժամանակը չէ». Արմեն Սարգսյանը կոչ է արել զերծ մնալ Արցախում սադրանքներից

Արմեն Սարգսյանն ուզում է, որ այս բարդ պահին բոլորը զուսպ լինեն։
Sputnik

Արմեն Սարգսյանը հույս ունի, որ Հայաստանի ներքաղաքական բարդ իրավիճակը չի նպաստի, որ Արցախում հակառակորդը սադրանքների դիմի։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը կոչ է արել բոլորին Հայաստանի համար այս բարդ պահին զերծ մնալ Արցախում սադրանքներից։

«Ես կոչ եմ անում բոլորին Հայաստանի համար այս բարդ պահին լինել զուսպ, որ Արցախում սադրանքներ չլինեն, հակամարտությունը չթեժանա։ Ժամանակը չէ», – ասել է Սարգսյանը «Բելառուս 1» հեռուստաալիքի եթերում։

ՀՀ նախագահը պատասխանել է Հայաստանի արտաքին վեկտորի փոփոխության մասին հարցին

Հիշեցնենք, որ Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ  ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև  կառավարության հրաժարականը։ Հետո «Իմ քայլը» նախաձեռնությունը պայքարում էր, որ իշխող ՀՀԿ–ն չառաջադրի վարչապետի իր թեկնածուին։ Ապրիլի 25–ից նրանք կրկին բողոքի ակցիաներ ու հանրահավաքներ են անցկացնում ոչ միայն Երևանում, նաև` ՀՀ այլ քաղաքներում։ Նիկոլ Փաշինյանն այս պահին ՀՀ վարչապետի միակ թեկնածուն է։ Ընտրությունները ՀՀ ԱԺ–ում կանցկացվեն մայիսի 1–ին։ Ապրիլի 28–ին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտնել է, որ իր թեկնածուին չի առաջադրի։ «Ծառուկյան» դաշինքն ու  Դաշնակցությունը նշել են, որ կաջակցեն «ժողովրդի թեկնածուին»։