Ռոբերտ Քոչարյանը խոսել է Նիկոլ Փաշինյանի մասին

ՀՀ երկրորդ նախագահը կարծում է, որ Փաշինյանը քաղաքական շանտաժ է արել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը НТВ հեռուստաալիքի կիրակնօրյա վերլուծական հաղորդման ռեպորտաժում մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը։

«Ի՞նչ է պահանջում Նիկոլ Փաշինյանը՝ ինձ իշխանություն տվեք հենց հիմա, անհապաղ: Իշխանությունը ճամպրուկ չէ, որ ինչ-որ մեկն այն վերցնի ու փոխանցի Նիկոլ Փաշինյանին: Դա կոնկրետ մարդիկ են, խորհրդարանն է, պատգամավորական կորպուսն է, իրենք ունեն սեփական ինքնասիրություն և ստիպել, շանտաժ անել մարդկանց մեծ քանակով, ստիպել նրանց գնալ սեփական խղճի, հայացքների, քաղաքականության մասին ունեցած պատկերացումների դեմ, կարծում եմ` սա լիովին այլ ծայրահեղություն է»:

НТВ-ի ռեպորտաժն այն մասին է, թե ինչպես Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց և իշխող կուսակցությունը թեկնածու չառաջադրեց՝ նախընտրելով պահպանել երկրի կայունությունը:

Նիկոլ Փաշինյանը կարևոր հայտարարություն արեց. ճանապարհները չփակել, ՀՀԿ–ին չզանգել

Ռեպորտաժում կարծիք են հայտնում նաև սպորտի նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանն ու հայտնի դերասան Հրանտ Թոխատյանը։ Ռոստոմյանն ասում է, որ սա գունավոր հեղափոխություն կամ մայդան չէ, և մարդիկ պարզապես իրենց դժգոհությունն են արտահայտում:

Հրանտ Թոխատյանն էլ կարևորում է հավաքների խաղաղ բնույթը: Նրա խոսքով` շատերին թվում էր, որ մարդիկ կհարձակվեն օլիգարխների տների վրա, բայց նման բան չեղավ։

«Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծում է` իրենց խաղաղ գործողություններով փորձելու են հասնել իշխանության անցնցում փոխանցմանը և նախկին իշխանությունների նկատմամբ վենդետա չեն իրականացնելու:

Հիշեցնենք, որ Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։
Հետո «Իմ քայլը» նախաձեռնությունը պայքարում էր, որ իշխող ՀՀԿ–ն չառաջադրի վարչապետի իր թեկնածուին։ Ապրիլի 25–ից նրանք կրկին բողոքի ակցիաներ ու հանրահավաքներ են անցկացնում ոչ միայն Երևանում, նաև` ՀՀ այլ քաղաքներում։