Նիկոլ Փաշինյանը կառավարության կազմի փոփոխության մասին առայժմ լռում է

«Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը չի ուզում որևէ բան ասել կառավարության կազմի փոփոխության մասին, որպեսզի ՀՀԿ խմբակցության հետ քննարկումներն անկաշկանդ անցնեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը` որպես վարչապետի թեկնածու, պատրաստվում է հանդիպել խորհրդարանի խմբակցությունների, այդ թվում նաև ՀՀԿ-ի հետ, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ի հետ բանակցությունների ձևաչափին:

Նախկին վարչապետ Սարգսյանի դեմ «վենդետա» չի լինի. Փաշինյան

Կառավարության կազմին և կադրային փոփոխություններին վերաբերող հարցին Փաշինյանը պատասխանել է. «Իհարկե, իմ պատկերացումներն ունեմ, բայց այս պահին որևէ բան չեմ ասի, որպեսզի աշխատանքային պայմաններում, առանց կաշկանդվածության բոլոր հարցերը քննարկենք»:

Փաշինյանը խոսել է նաև Մարտի 1-ի բացահայտման մասին: Նա պատասխանել է «ժողովրդի իշխանությունը երաշխավորու՞մ է, որ բացահայտվելու է Մարտի 1-ը» հարցին։

«Ժողովրդի իշխանությունը երաշխավորում է, որ այդ ուղղությամբ ամեն ինչ կարվի, որպեսզի բացահայտվի: Ես նախաքննության մարմին չեմ և նախաքննության տվյալների չեմ տիրապետում, բայց կարծում եմ՝ կբացահայտվի»,- ասել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

Ավինյան. «ՀՀԿ–ն չի խոչընդոտելու Նիկոլ Փաշինյանի ընտրությունը»

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։
Հետո «Իմ քայլը» նախաձեռնությունը պայքարում էր, որ իշխող ՀՀԿ–ն չառաջադրի վարչապետի իր թեկնածուին։ Ապրիլի 25–ից նրանք կրկին բողոքի ակցիաներ ու հանրահավաքներ են անցկացնում ոչ միայն Երևանում, նաև` ՀՀ այլ քաղաքներում։

Ապրիլի 28–ին ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ՀՀԿ խմբակցությունը վարչապետի իր թեկնածուն չի առաջադրի` երկիրը հետագա ցնցումներից զերծ պահելու համար։