«Մաշան ու արջը» մուլտֆիլմի սերիաներից մեկն ավելի քան 3 մլրդ անգամ են դիտել

Մուլտֆիլմի այդ սերիան ներառվել է YouTube ալիքում` հարթակի գոյության ժամանակահատվածում ամենաշատ դիտում ունեցող տեսանյութերի տասնյակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. «Մաշան ու արջը» ռուսական հայտնի մուլտֆիլմի սերիաներից մեկը YouTube ալիքում ավելի քան 3 մլրդ դիտում է ունեցել և ամենաշատ դիտվող տեսանյութերի ցանկում 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում, հայտնել են նախագծի մամուլի ծառայությունից։

«Այսօր միակ անիմացիոն տեսահոլովակը, որ ներառվել է YouTube ալիքի` հարթակի գոյության ընթացքում ամենաշատ դիտվող տեսանյութերի լավագույն տասնյակում, «Մաշա պլյուս կաշա»-ն է, որն ավելի քան 3 մլրդ դիտում է ունեցել։ Ավելին` «Մաշա պլյուս կաշա» դրվագը YouTube-ի ամենաշատ դիտվող տեսանյութերի ցանկում 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում», — գրված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

«Անիմակորդ» ստուդիայի «Մաշան ու արջը» ռուսական մուլտսերիալն առաջին անգամ լույս է տեսել 2009 թվականին և այսօր համաշխարհային ֆենոմեն է դարձել. այն վաճառվել է գրեթե բոլոր աշխարհամասերում և ամենուր մեծ հաջողություն է վայելում։ Այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում դիտումների ընդհանուր քանակը YouTube-ի ալիքում գերազանցում է 35 մլրդը։