Արթուր Աբրահամը հաղթեց

Աբրահամի հաջորդ մենամարտը կլինի գերմիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոնի կոչման համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի «Բադեն» արենայում կայացավ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի (47-6, 30) և դանիացի Պատրիկ Ռեյնհարդ Նիլսենի (29-3, 14) մենամարտը:

12 ռաունդ տևած մենամարտում Արթուր Աբրահամը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց մրցակցին:

Այս մենամարտի հաղթողը` Արթուր Աբրահամը, դարձավ վարկանիշային աղյուսակի առաջատար և նրա հաջորդ մենամարտը կլինի գերմիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոնի կոչման համար:

Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) ծնվել է 1980 թվականի փետրվարի 20-ին, Երևանում: 2004 թվականից բնակվում է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում: Մարզական կարիերայի ընթացքում Արթուրը մասնակցել է 41 մենամարտի, որոնցից 37-ում հաղթել է' համաշխարհային դասակարգման աղյուսակներում գրավելով առաջատար հորիզոնականներ: 5 տարի (2006, 2007, 2008, 2009, 2012) նա ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ:

Հայոց բանակում ծառայած պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը Հայաստանի զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» շքանշանակիր է (2007թ. հունիսի 1-ից): 2011 թվականի սեպտեմբերի 16-ին` Հայաստանի անկախության 20 ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» (Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար):