Նիկոլ Փաշինյանը կարևոր հայտարարություն արեց. ճանապարհները չփակել, ՀՀԿ–ին չզանգել

«Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վաղվանից ստիպված է լինելու օրվա կեսն անցկացնել գրասենյակային պայմաններում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Հանրապետության հրապարակում կազմակերպված հերթական հանրահավաքի ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կարևոր հայտարարություն ունի։

Պատգամավորների հեռախոսահամարները համացանցում հրապարակելը կարող է վատ հետևանք ունենալ

«Վերջին 30 օրվա 90 տոկոսն անցկացրել եմ փողոցներում, դաշտերում, անտառներում, հրապարակներում, և ահա այդ ամենի արդյունքում եկել է մի պահ, որ ծայրահեղ անհրաժեշտություն է գոնե որոշ ժամանակ անցկացնել գրասենյակային պայմաններում։ Ես պետք է հանդիպումներ ունենամ ԱԺ խորհրդարանական բոլոր խմբակցությունների հետ, որպեսզի օրվա վերջում ձեզ կարողանամ տեղեկատվություն տալ, որ ձեր առաջարկած թեկնածուի ընտրությունը մայիսի 1-ին վարչապետի պաշտոնում երաշխավորված է»,- ասաց նա:

Փաշինյանը հավաքվածներին խնդրեց, որ դադարեցնեն հանրապետական պատգամավորների հետ հաղորդագրությունների ու զանգերի միջոցով կոնտակտի դուրս գալն ու նրանց առաջ պահանջներ դնելը։

«Նախնական պայմանավորվածության համաձայն` ես վաղը հանդիպելու եմ նրանց հետ, որպեսզի մեր օրակարգը քննարկենք։ Այս պահից սկսած` մինչև վաղը 17։00-ն մենք ոչ մի գործողություն չենք իրականացնում։ Վաղը ես գալիս եմ Գարեգին Նժդեհի հրապարակ, այնտեղից երթով գալիս ենք Հանրապետության հրապարակ, և ես ձեզ պատմում եմ բանակցություններից արդյունքների մասին, մենք իրար հետ որոշում ենք մեր անելիքները»,- ասաց Փաշինյանը։

Իսկ թե ինչ կլինի մայիսի 1-ին, կախված կլինի քաղաքական վիճակից։

«Ես ուզում եմ շատ հստակ պատասխանել ՀՀ օդում կախված մի հարցի և ուզում եմ ուղիղ, ձեր բոլորի աչքերի մեջ նայելով հայտարարել` ես պատրաստ եմ ստանձնել վարչապետի պաշտոնը, որովհետև ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը, հայ ժողովրդին»,- ելույթը եզրափակեց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։
Հետո «Իմ քայլը» նախաձեռնությունը պայքարում էր, որ իշխող ՀՀԿ–ն չառաջադրի վարչապետի իր թեկնածուին։ Ապրիլի 25–ից նրանք կրկին բողոքի ակցիաներ ու հանրահավաքներ են անցկացնում ոչ միայն Երևանում, նաև` ՀՀ այլ քաղաքներում։

Վարչապետի ընտրության հարցը ԱԺ-ում քննարկվելու է մայիսի 1-ի հատուկ նիստում: Նշենք, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն 7 մանդատ: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն: