Նիկոլ Փաշինյանն առանց դիպլոմի չի մնա. ԵՊՀ–ն պատրաստ է լուծել այդ հարցը

Երևանի պետական համալսարանը Նիկոլ Փաշինյանին դիպլոմ տալու հարցով պատրաստ է դիմել ԿԳՆ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Երևանի պետական համալսարանին մտահոգել է, որ «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ-ում գերազանց է սովորել, բայց այդպես էլ դիպլոմ չի ստացել։

«Երևանի պետական համալսարանը տեղեկացնում է, որ ուսումնասիրելով Նիկոլ Փաշինյանի անձնական գործը՝ իր պատրաստակամությունն է հայտնում պարոն Փաշինյանի համաձայնության դեպքում միջնորդությամբ դիմելու ՀՀ Կրթության և գիտության նախարարությանը, ըստ ընթացակարգի, վերականգնման և դիպլոմավորման գործընթացն ապահովելու համար»,- նշված է հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ Երևանի պետական համալսարանն իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողն ավարտական կուրսում բացակայությունների պատճառով հեռացվել է համալսարանից:

Նշենք, որ հատկապես վերջին օրերին շատ է խոսվում Նիկոլ Փաշինյանի դիպլոմ չունենալու մասին։ Այսօր առավոտյան Փաշինյանն ինքն էլ էր անդրադարձել այդ թեմային` նշելով, թե ինչու այդպես էլ դիպլոմ չի ստացել։ Նա հրապարակել էր նաև իր ստուգման գրքույկի լուսանկարները։