ՌԱԴԻՈ

Ավինյան. «ՀՀԿ–ն չի խոչընդոտելու Նիկոլ Փաշինյանի ընտրությունը»

«Իմ քայլը» շարժման առաջնորդի և ՀՀԿ խմբակցության ղեկավարի հանդիպման արդյունքն արդեն հայտնի է։
Sputnik
Տիգրան Ավինյան

«Իմ քայլը» շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և «ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հանդիպման հիմնական նպատակը Հանրապետական խմբակցության հետ վաղվա հանդիպման մանրամասները քննարկելն էր։ Sputnik Արմենիային ասաց Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Տիգրան Ավինյանը։

«ՀՀԿ-ն չի խոչընդոտելու ժողովրդի կողմից առաջադրված թեկնածուի, այսինքն Նիկոլ Փաշինյանի ընտրությունը ԱԺ-ում։ Փաստացի նշանակում է, որ բավարար չափով ձայներն ապահովվելու են»,- նշեց Ավինյանը։

ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ առաջարկել են կանոնակարգված ընտրությունների գնալու համար դադարեցնել հանրահավաքներն ու ճանապարհները փակելու ակցիաները, որպեսզի չխաթարվի ժողովրդի անդորրը:

Հիշեցնենք, որ Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։
Հետո «Իմ քայլը» նախաձեռնությունը պայքարում էր, որ իշխող ՀՀԿ–ն չառաջադրի վարչապետի իր թեկնածուին։ Ապրիլի 25–ից նրանք կրկին բողոքի ակցիաներ ու հանրահավաքներ են անցկացնում ոչ միայն Երևանում, նաև` ՀՀ այլ քաղաքներում։

ՀՅԴ–ն արդեն հայտարարել է, որ սատարելու է Նիկոլ Փաշինյանին։ Գագիկ Ծառուկյանը որոշել է սատարել ՀՀ վարչապետի ժողովրդական թեկնածուին։