Ցուցարարների անվտանգությունն ապահովում են բացառապես համազգեստով ոստիկաններ

Ոստիկանությունը վստահեցնում է, որ ակցիայի մասնակիցների անվտանգությունն ապահովող ոստիկաների շարքում քաղաքացիական հագուստով ոստիկաններ չկան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Մայրաքաղաքի առևտրի կենտրոններից մեկի մոտ կազմակերպված ակցիայի մասնակիցները հայտարարել են, թե իրենց են մոտենում քաղաքացիական հագուստով ոստիկաններ և «բացատրական աշխատանքներ տանում»:

Ինչպես են ցուցարարները փակել Երևանի կենտրոնական փողոցները. տեսանյութ

Ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ այս պահին ակցիայի մասնակիցների անվտանգությունն ապահովում են բացառապես համազգեստով ոստիկաններ, գործողության մեջ քաղաքացիական հագուստով ոստիկաններ ներգրավված չեն:

Հիշեցնենք, որ Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։
Հետո «Իմ քայլը» նախաձեռնությունը պայքարում էր, որ իշխող ՀՀԿ–ն չառաջադրի վարչապետի իր թեկնածուին։ Ապրիլի 25–ից նրանք կրկին բողոքի ակցիաներ ու հանրահավաքներ են անցկացնում ոչ միայն Երևանում, նաև` ՀՀ այլ քաղաքներում։